ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Մեկ գրքում՝ ողջ Թիֆլիսը

Մեկ գրքում՝ ողջ Թիֆլիսը
22.11.2025 | 13:08

Գիր գնահատանքի

Նախկինում, շատ վաղուց, երբ մեկը լռիկ-մնջիկ, տքնաջան աշխատանքով մեծարժեք, մնայուն, անզուգական արդյունք էր հրապարակ հանում, ասում էին՝ մի ամբողջ ինստիտուտի գործ է արել։ Ընդ որում, չէր նշվում ինչ ինստիտուտի, ինստիտուտը հասկացվում էր որպես գիտական պրպտումների անքննելի օջախ, և համեմատությունն էլ ընկալվում էր որպես բարձր գնահատական։ Հիմա չկա այդ ինստիտուտը, բայց մնացել է մեկերից մեկը, և խոսքը պատմական գիտությունների դոկտոր, սկզբունքային հասարակական գործիչ Հայկ Դեմոյանի ու նրա «Тифлис. Иллюстрированная история армянского наследия» («Թիֆլիս. հայկական ժառանգության պատկերազարդ պատմություն») գրքի մասին է։

Քանի որ հրատարակությունում նշված չէ թարգմանչի անուն, ապա եզրակացնում եմ, որ հեղինակն ինքը աշխատությունը գրել է ռուսերեն, և դա խնդիր է։ Որովհետև այս գրքի գլխավոր շահառուն, այդուհանդերձ, հայ ընթերցողն է, իսկ դատելով Հայաստանում ռուսաց լեզվի ներկայության ողբալի վիճակից, կարելի է ենթադրել, որ մեծարժեք այս աշխատանքը անհասու կլինի հայ ընթերցողների լայն շրջանակի համար։ Ահա այդ պատճառով սույն գիրն ուղղված է հենց նրանց։

«Ծանր»՝ 864-էջանոց գիրքը կարդացել եմ արագ, այն էլ՝ մի քանի անգամ։ Բանն այն է, որ ես ևս երկար տարիներ ուսումնասիրել եմ Թիֆլիսը, ընդ որում, զբաղվել եմ լոկ մեկ անձի կենսագործունեությամբ և նրա շփումներով այլ մարդկանց ու մարմինների հետ։ Իսկ ինչպիսի՞ համարձակություն պետք է ունենար Հ․ Դեմոյանը, մեկ գրքում ներառելով ողջ Թիֆլիսը՝ իր բազմադարյա պատմությամբ ու մարդկանցով։

Նա ասում է․ «Թբիլիսիի կամ Թիֆլիսի միկրոքաղաքակրթությունը հազարավոր, միլիոնավոր տեսանելի և աներևույթ թելեր են, որոնք ագուցում են մարդկանց ու ճակատագրեր։ Ամեն հայի ներսում «Թիֆլիս» բառը հնչում և արձագանք է գտնում առանձնակի ջերմությամբ՝ առնչվի դա անձնական, ընտանեկան կամ հայկական մշակութային ժառանգության պատմության հետ։ Թիֆլիսն արևելահայ ինտելեկտուալ ընտրանու համար հարմարավետ օջախ էր։ Այստեղ էին բույն գտնում նաև Կոստանդնուպոլսից և Արևմտյան Հայաստանից եկած հայ դերասանները, գրչի մարդիկ, նկարիչներն ու վարժապետները, քաղաքը վերածելով աներևակայելի մի քուրայի, ուր ծնվում էին համատեղ գաղափարներ և համազգային ծրագրեր։ Թիֆլիսի յուրահատուկ մշակույթը դարձավ հայոց ընտանեկան ու համայնքային մշակույթի անքակտելի մաս»։ (Թարգմանությունն իմն է)։

Այսինքն, Հ․ Դեմոյանն ի սկզբանե ակնարկում է, որ Թիֆլիսն ընկալում է որպես հայության քաղաքակրթական օրրան և նա իրավացի է։ Որովհետև հայ ժողովրդի հավաքական քաղաքակրթությունն անհնար է պատկերացնել առանց Թիֆլիսի։ Ո՞ր քիչ թե շատ հայտնի արևելահայն այս կամ այն կերպ չի առնչվել այդ քաղաքի հետ։

Բացի այդ, «Թիֆլիս» անվանաձևը (հին հայկական աղբյուրներում՝ Տփխիս) սահմանում է նաև գրքի ժամանակագրական սահմանները, քանզի Թբիլիսի անվանումը քաղաքն ստացել է 1936-ին․ Հ․ Դեմոյանի աշխատությունը Թիֆլիսից մինչև Թբիլիսի հայկական քաղաքակրթական ժառանգությունը մատուցելու մասին է։

Ինչպե՞ս է դա նրան հաջողվել։

Ամենաանշնորհակալ գործերից մեկը որևէ գիրք վերաշարադրելը, վերապատմելն է, և ես դրանից խուսափելու եմ։ Կան շատ ավելի կարևոր, ուշադրության արժանի բաներ։

Հ․ Դեմոյանի հրատարակության առավելություններից մեկը պատկերներն են, որոնք զուտ գեղեցկության, գրքին «ապրանքային» տեսք հաղորդելու համար չեն։ Յուրաքանչյուր պատմագիտական փաստ հեղինակը ներկայացնում է պատկերով։ Իսկ դրանք հարյուրավոր են՝ քարտեզներ, հատակագծեր, ձեռագրեր, հնատիպ գրքերի էջեր, հին դրամներ, եկեղեցիներ ու վանքեր, տապանաքարեր, հանրային շինություններ ու անհատական տներ, կենցաղային տեսարաններ, մամուլ ու գրատպություն, թատերական ներկայացումներ ու նկարչական ստեղծագործություններ, աֆիշներ, գովազդապատկերներ և անգամ երգիծանկարներ։ Եվ, անշուշտ, մարդիկ, ամենատարբեր խավերի, դասերի, դասակարգերի ներկայացուցիչների բացառիկ լուսանկարներ։ Այս ամենը տեղավորված է համապատասխան գլուխների մեջ։

Դրսևորելով գիտական բարեխղճություն, Հ․ Դեմոյանը ներկայացրել է նաև աղբյուրները՝ ուսումնասիրություններ, տեղեկատու գրականություն ու սկզբնաղբյուրներ, թանգարանային և անհատական հավաքածուներ, տարբեր երկրների արխիվներ ու գրադարաններ։

Իսկ լինելով պարկեշտ մարդ, նա մեկ առ մեկ շնորհակալություն է հայտնել հարյուրավոր մարդկանց, որոնք ինչ-որ կերպ աջակցել են իրեն։ Այդ մարդկանց թվում կուզենայի առանձնակի նշել երկու անձանց՝ Հ․ Դեմոյանի կնոջը՝ Լուսինե Մաթևոսյանին, գրքի ձևավորողին ու դիզայներին, հրաշալի աշխատանքի համար և հրատարակության հովանավոր Գագիկ Աղաջանյանին, որը հեղինակին հնարավորություն է ընձեռել իրականացնելու իր մտահղացումը՝ ի շահ մեր բոլորի։

Համփոփում իմ այս համառոտ գրի, հավելեմ՝ Հ․ Դեմոյանը ներկայացրել է թիֆլիսահայության քաղաքակրթական պատկերը և, որ խիստ կարևոր է, դա արել է, ինչպես կասեր «Մախլաս» երգիծաթերթի խմբագիրը՝ առանց «մուննաթի ու սուննաթի»։

Միով բանիվ, ազգասեր, հայրենանվեր, իսկական հայ մտավորական Հայկ Դեմոյանը կատարել է «մի ամբողջ ինստիտուտի գործ»։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ